Հայտնի բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլը կվերսկսի հիվանդության հետևանքով դադարեցված իր համերգային շրջագայությունները: Ինչպես հայտարարվել է այսօր, նրա առաջին ելույթը կկայանա Վիեննայում՝ ոչ միայն իր երկրպագուների, այլև քաղաքային այն հիվանդանոցի բազմաթիվ աշխատակիցների համար, որտեղ նա մեկ ամսվա ընթացքում բուժվել է թոքաբորբից:
«Ես ուզում էի օգտվել այս առիթից և շնորհակալություն հայտնել բժիշկներին ու բուժքույրերին, որոնք փրկեցին իմ կյանքը և հրաշալի հոգ տարան իմ մասին, ինչպես նաև իմ երկրպագուներին, ընտանիքին և ընկերներին՝ իրենց սիրո և աջակցության համար»,- ասել է Մայքլը:
Ներկա դրությամբ երգիչն ամբողջովին ապաքինվել է:
Երաժշտի կայքում նշված են նախկինում հետաձգված բոլոր, այդ թվում՝ Փարիզի, Ամստերդամի, Լոնդոնի, Մանչեսթերի և այլ քաղաքների համերգների օրերը: Դրա հետ մեկտեղ, չկայացած համերգների բոլոր գնված տոմսերը շարունակում են ուժի մեջ մնալ:
Երգչի համերգային շրջագայությունները սկսվել էին Պրահայից՝ անցած տարվա օգոստոսին: Իր հոսպիտալացումից առաջ նա արդեն 46 համերգներով ելույթ էր ունեցել 35 քաղաքներում:
Նշենք, որ 48-ամյա երգիչն աննախադեպ համբավ ձեռք բերեց 1980-ական թթ., երբ սկսեց ելույթ ունենալ «Ուեմ» խմբի կազմում:
Ներկա դրությամբ աշխարհում վաճառվել է նրա ավելի քանի 100 մլն ձայնասկավառակ:










































