ՄԱԿ-ի ղեկավարությունը պետք է անհապաղ ստուգի Սիրիայի ընդդիմության այն հայտարարությունը, ըստ որի ռուսական նավերը Սիրիա են տեղափոխել մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա: Այս մասին հայտարարել է Բելգիայի նախկին վարչապետ, Եվրախորհրդարանի «Եվրոպական լիբերալներ և դեմոկրատներ» խմբավորման ղեկավար Գի Վերխովստադտը:
«Ռուսաստանը միշտ պնդում է, որ Սիրիայում զանգվածային սպանություններին վերջ տրվի դիվանագիտական ճանապարհով և վետո է դնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի յուրաքանչյուր բանաձևի վրա (Սիրայի վերաբերյալ.- 1in.am): Այժմ մենք սիրիացի ակտիվիստներից իմացել ենք, որ Ռուսաստանը երկուշաբթի հատուկ նշանակության ուժեր է ուղարկել՝ Սիրիայի վարչակարգին ռազմական տեխնիկա հասցնելու համար: Եթե դա ճիշտ է, Ռուսաստանը կլինի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմից իրականացվող մարդկության դեմ հանցագործությունների մեղսակից: Դա միանգամայն անընդունելի է: Մենք համառորեն կոչ ենք անում ՄԱԿ-ին անհապաղ հետաքննել այդ պնդումները, իսկ Ռուսաստանին՝ բացատրություն ներկայացնել»,-ասվում է Վերխովստադտի հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ երեկ ԶԼՄ-ները լուրեր էին տարածել, որ Սևծովյան նավատորմի «Իման» լցանավը ռազմական գործողություններ է իրականացնում Սիրիայի ափերին:
Ռուսական և սիրիական կողմերը հերքում են այդ տեղեկատվությունը:











































