Ուրբաթ օրը Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության վարչության տարածած հաղորդագրության համաձայն` Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչին: Մարի Յովանովիչը դրական է գնահատել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ ներկայիս օրենքը` կարևորելով օրենքի պահանջների պահպանումը: Երևանի քաղաքապետը վստահեցրել է, որ զանգվածային միջոցառումների իրազեկման քննարկումները և որոշումների կայացումը լինելու են սահմանված ընթացակարգով, բաց և թափանցիկ:
«Առաջին լրատվականը» Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանից հետաքրքրվեց, թե Երևանի քաղաքապետի և ԱՄՆ դեսպանի հանդիպումից հետո հնարավո՞ր է, որ Ազատության հրապարակը վերադարձվի ժողովրդին և ընդդիմության հանրահավաքները այսուհետ կայանան այնտեղ: «Մեր իշխանությունները պատրաստ են գնալու ամեն ինչի, միայն թե արևմտյան կառույցները չզրկեն իրենց բարիքներից ու զանազան ծրագրերի մասնակցելու հնարավորությունից: Սակայն խիստ կասկածում եմ, որ իշխանությունները թույլ տան զանգվածային միջոցառումներ անցկացնելու Ազատության հրապարակում»,- ասաց Միքայել Դանիելյանը:











































