Տուապսեի շրջանային դատարանը այսօր ընթացք չի տվել էկոլոգ Սուրեն Ղազարյանի կալանավորմանը, որը մեղադրվում է ուրիշի գույքը փչացնելու մեջ: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ինչպես հայտնել է Ղազարյանի փաստաբան Վիոլետա Վոլկովան, այդ կերպ մերժվել է հետաքննության միջնորդությունը: Նրա խոսքով` ակտիվիստին վերադարձրել են հատուկ կալանքի կենտրոն, որտեղ նա պետք է գտնվի ավելի վաղ մեկ այլ` չարտոնված ակցիա կազմակերպելու պատճառով:
Հիշեցնենք, որ բնապահպաններ Սուրեն Ղազարյանն ու Եվգենի Վիտիշկոն անցած տարվա աշնանը փորձել էին գրառումներ թողնել Սև ծովի ափին գտնվող մի շինության պարիսպների վրա, որը, ըստ բնապահպանների, պատկանում է նահանգապետ Տկաչևին և ապօրինի է կառուցված` բնապահպանական բոլոր նորմերի խախտմամբ:
Ղազարյանը մի քանի անգամ խախտել է քաղաքը չլքելու մասին պարտավորությունը, իսկ մի քանի օր առաջ կալանավորվել է:








































