Հայաստանն ու Ավստրիան կհամագործակցեն մաքսային ոլորտում: Ինչպես այսօր ԱԺ նիստում ներկայացրեց ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը, «ՀՀ և Ավստրիայի Հանրապետության կառավարությունների միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագրով նախատեսվում է համագործակցել 2 երկրների կողմից մաքսային օրենսդրությունը կիրառելու, մաքսատուրքերը հաշվարկելու տեղեկատվության փոխանակման, խախտումները բացահայտելու առումով:
Ա.Ալավերդյանը հայտնեց, որ համաձայնագիրը կգործի անորոշ ժամանակով, մինչև կողմերից մեկը չորոշի դադարեցնել այն: Անցած 3 տարիներին ՀՀ-ից 40 մլն դոլարի արտահանում է եղել և Ավստրիայից ներմուծվել է 50-60 մլն դոլարի չափով:
«Հիմնականում ապրանքի ծագումը պարզելու հետ կապված են հարցեր ծագում: Համաձայնագիրը լուծում է նաև ներդրումների պաշտպանության խնդիր»,- ասաց Ա.Ալավերդյանը:
Նա տեղեկացրեց, որ ներկայում ՀՀ-ն մաքսային համագործակցության շուրջ համաձայնագրեր ունի 17 երկրների հետ, իսկ 21-ի հետ բանակցային գործընթաց է գնում: Եվրոպական երկրներից ՀՀ-ն համաձայնագիր ունի Ռումինիայի, Բուլղարիայի, Հունաստանի և Իտալիայի հետ: Միաժամանակ ԱԳՆ-ի հետ աշխատանքներ են տարվել և բանկցությունների ընթացքում են Ֆրանսիայի, Լիտվայի, Շվեյցարիայի, Բելգիայի, Գերմանիայի, Լեհաստանի և Չեխիայի հետ:









































