Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը իր կառավարման «ադամանդե» հոբելյանի առիթով այսօր տոնական ուղերձով կդիմի բրիտանական խորհրդարանի երկու պալատների պատգամավորներին:
Սովորաբար թագուհին, որպես պետության ղեկավար, խորհրդարանականներին դիմում է միայն նոր խորհրդարանական նստաշրջանի բացման կապակցությամբ և հնչեցնում է խորհրդարանականների գալիք տարվա առաջնահերթ խնդիրները:
Ակնկալվում է, որ այսօր առավոտյան «Վեսթմինսթեր հոլ» սրահում կայանալիք արարողությանը կհավաքվեն Համայնքների և Լորդերի պալատների պատգամավորները:
Այս ամիս ավելի վաղ Վերին և Ստորին պալատի պատգամավորներն արդեն հատուկ նիստ են անցկացրել՝ նվիրված թագուհու կառավարման 60-ամյակին, որի ժամանակ իրենց սերն ու հավատարմությունն են հայտնել նրան:
Թագուհու կառավարման հոբելյանական գլխավոր տոնակատարությունները տեղի կունենան հունիսի սկզբին: Բացի այդ, 2012 թվականին Միացյալ թագավորության տարբեր քաղաքներում տեղի կունենան տարբեր ցուցահանդեսներ, տոնական միջոցառումներ:






































