Թունիսից հետո հուզումները կարող են տարածվել նաև հարևան երկրներում: Հատկապես դա վերաբերում է արաբական երկրներին: Ինտերնետում արաբական տարբեր երկրների քաղաքացիներ արդեն սկսել են նմանատիպ կոչերով հանդես գալ: Խոսքը գնում է հատկապես Եգիպտոսի, Ալժիրի, Հորդանանի մասին:
Ինչպես հաղորդում է Al-Jazeera հեռուստաընկերությունը, երեկ Հորդանանի մայրաքաղաք Ամանն էլ է անհանգիստ եղել: Թեպետ հակաթագավորական կոչեր չեն հնչել, սակայն մոտ 3 հազար ցուցարարներ բողոքել են գների թանկացման և սոցիալական խնդիրների դեմ: Իշխանությունները ջանքեր են գործադրել, որպեսզի գներն իջեցնեն, սակայն դա նրանց չի հաջողվում:
Հիշեցնենք, որ Թունիսին զուգահեռ` անհանգիստ է եղել նաև Ալժիրում: Այնտեղ էլ բնակչությունը բողոքում է գործազրկության և գների կտրուկ աճի պատճառով:
Տարվա սկզբին ՄԱԿ-ը զգուշացրել էր, որ աշխարհում սպասվում է գների կտրուկ աճ, ինչն անկայունություն կառաջացնի հատկապես այն երկրներում, որոնք սոցիալական լուրջ խնդիրներ ունեն: