Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի N զորամասում փետրվարի 20-ին, ըստ պաշտպանության նախարարության քննչական վարչության լրատվական բաժնի, ինքնասպանության փորձ կատարած 19-ամյա զինծառայող Հրաչիկ Խլղաթյանի մայրը տարակուսանքի մեջ է: Կոմայից դուրս եկած զինծառայողին այս պահին Երևանի Մուրացանի անվան հոսպիտալում առանց հակաէպիլեպտիկ դեղերի հնարավոր չէ պահել, սակայն, չնայած սրան, զինծառայողի մայրը` Արմինե Խլղաթյանը, ըստ տեղի խոսակցությունների, հասկացել է, որ մոտակա մի քանի օրերին տղային պատրաստվում են դուրս գրել և տուն ուղարկել:
Այս պարագայում անհայտ է, թե Հայոց բանակին առողջ երիտասարդ տված մայրն այն սուղ սոցիալական պայմաններում, որում ապրում է նրանց ընտանիքը, այդ ինչ միջոցներով պետք է պահի կիսամարդ դարձած որդուն, որը հակաէպիլեպտիկ դեղերի անգամ մեկ րոպե ուշացման դեպքում ցնցումների մեջ է ընկնում: Տիկին Արմինեն իրենց սոցիալական վիճակի, որդու հետ տեղի ունեցածի ու նրա ներկա առողջական վիճակի վերաբերյալ նամակ–դիմում է գրել ՀՀ պաշտպանության նախարարին, խնդրել է գոնե գումար տրամադրել դեղերի համար, որպեսզի կարողանան որդու բուժումը շարունակել, սակայն ասում է, որ մինչ օրս որևէ պատասխան չի ստացել:
«Ես երբ հարցրեցի, թե երեխայի վիճակն ինչպես է, իրենց խոսքերից հասկացա, որ արդեն ուզում են դուրս գրել: Եթե լուրջ պատճառ չլիներ, իրենք չէին ազատի տղայիս ծառայությունից, ուղղակի ուզում են իրենց գլուխն ազատել՝ առանց անգամ մտածելու, թե ջահել երեխուս ապագան ինչ է լինելու»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց զինվորի մայրը` հավելելով, որ 3 ամիս հետո նորից պետք է որդուն զննեն, հետո միայն հասկանան՝ թոշակառու է, թե՝ ոչ: «Ես սարսափում եմ, երեկ մի երկու րոպե դեղն ուշացավ, երեխես արդեն նոպայի մեջ էր, ես ի՞նչ անեմ, երեխուս էս վիճակով տան ձեռքս, ես չգիտեմ ինչ պետք է անեմ»,- լացակումած և օգնություն հայցող աչքերով անպատասխան հարցեր էր տալիս վախեցած մայրը:
Հիշեցնենք, որ թեև հրաշքով փրկված երիտասարդը մի քանի օր կոմայի մեջ անցկացնելուց հետո արթնացել է, ու նրա կյանքին այս պահին արդեն վտանգ չի սպառնում, 19-ամյա տղայի մոտ միանգամից մի քանի լուրջ հիվանդություններ են բացահայտվել: Թե ինչ է, ի վերջո, այդ չարաբաստիկ օրն իր հետ տեղի ունեցել, տղան չի հիշում, նրա մոտ մտնել անգամ ծնողներին թույլ չէին տալիս: Զինծառայողի ծնողները համոզված են, որ իրենց որդին իրականում չի կախվել, պարզապես զինվորական դատախազությունը, ցանկանալով գործը կոծկել, դեպքը ներկայացնում է որպես ինքնասպանության փորձ:
Ինչպես «Առաջին լրատվական»–ին արդեն հայտնել էին, Արարատի մարզի Արարատ գյուղից բանակ զորակոչված զինծառայող Հրաչիկ Խլղաթյանի «ինքնասպանության փորձի» առթիվ հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու` 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ նախաքննությունը դեռ ավարտված չէ:
Հրաչիկ Խլղաթյանի ծնողները որդու հետ տեղի ունեցածի կապակցությամբ արդեն նամակներ են գրել ինչպես ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, այնպես էլ Մարդու իրավունքների պաշտպանին, զինդատախազին և ՀՀ պաշտպանության նախարարին, սակայն ոչ մի ատյանից ոչ մի աջակցություն չեն ստացել:
«Ես խոսում եմ բոլոր ծնողների անունից, որոնց երեխաները կարող են հայտնվել այս իրավիճակում, իմ միակ տղան է, բայց նույնիսկ իմանալով, որ սրտի ինչ-որ պրոբլեմ ունի, հետևողական չեղա, որ ազատեմ բանակից մյուս ծնողների պես, մտածում էի՝ տղա է, թող ծառայի, ես չթողեմ, մյուսը չթողի, ով պետք է ուղարկի իր որդուն, բայց տեսեք, ահա, ինչ են ինձ վերադարձնում, մենք պետք է պայքարենք ու կանխենք այսպիսի դեպքերը, իմ տղան հրաշքով է փրկվել, հակառակ դեպքում՝ ես էլ այսօր կառավարության շենքի առջև որդուս նկարը բռնած կանգնած կլինեի»,- ասում է մայրը:
Խնդրում ենք բոլոր այն մարդկանց, ովքեր հնարավորություն ունեն աջակցել զինծառայողի ընտանիքին և տղայի բուժմանը դիմել «Առաջին լրատվական»–ի խմբագրություն:










































