Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տյորբյորն Յագլանդը քննադատել է Բելառուսի իշխանություններին` կապված Վլադիսլավ Կովալևին ու Դմիտրի Կոնովալովին մահապատժի ենթարկելու հետ: Վերջիններիս դատարանը մեղավոր էր ճանաչել Մինսկի մետրոյում կատարած ահաբեկչության մեջ:
«Բելառուսը միակ եվրոպական երկիրն է, որտեղ մահապատիժն օրենքով արգելված չէ: Անտեսելով մարդու իրավունքները ու դեմոկրատական չափանիշները` Բելառուսի կառավարությունը իր երկիրն ավելի շատ է մեկուսացնում աշխարհի մյուս երկրներից»,- հայտարարել է Յագլանդը: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
Շաբաթ բելառուսական պետական ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց այն մասին, որ «մինսկյան ահաբեկիչների»` Կոնովալովի ու Կովալևի մահվան դատավճիռն ի կատար է ածվել:
Դատարանի որոշմամբ` վերջիններս մեղավոր էին ճանաչվել 2005թ. Վիտեբսկում, Մինսկում` երկրի անկախության օրը` 2008թ. հուլիսի 3-ին, ու 2011թ. Մինսկի մետրոյում ահաբեկչություն կազմակերպելու մեջ:
Հիշեցնենք, որ Մինսկի մետրոյում իրականացված ահաբեկչության հետևանքով զոհվել էր 11, վիրավորվել ավելի քան 100 մարդ:









































