Գրոզնիի Խանկալա ռազմաբազայից հարևան Դաղստան են տեղափոխվել ուժային կառույցների խոշոր խմբավորումներ: Ինչպես հաղորդում է Kavkazskiy uzel պարբերականը, Չեչնիայի իրավապահ մարմինների աղբյուրն ասել է, որ դա կապված է վերջին ամիսներին Դաղստանում իրավիճակի սրման հետ: Նա հայտնել է, որ ՌԴ ՆԳՆ ղեկավարության որոշմամբ Դաղստանում կստեղծվի ՆԳՆ ստորաբաժանումների և մարմինների ժամանակավոր օպերատիվ խմբավորում, ինչպիսին ստեղծվել է Չեչնիայում:
Գործակալության զրուցակցի խոսքերով՝ ընդհանուր առմամբ Չեչնիայից Դաղստան է տեղափոխվել ավելի քան 20 հազար ուժային:
Տեղի բնակիչները նույնպես հայտնել են, որ մարտի 17-ին Դաղստանի ուղղությամբ շարժվող զրահամեքենաների և զինվորականներ տեղափոխող բեռնատարների երկար շարասյուներ են նկատել: Նրանցից մեկը պատմել է, որ նման քանակությամբ ռազմական ավտոշարասյուն ինքը չէր տեսել 2000 թվականից ի վեր: Նրա խոսքերով՝ ավտոշարասյունը ձգվել է մի քանի կիլոմետր:
Դաղստանի իշխանությունները, սակայն, հերքել են այս տեղեկատվությունը՝ նշելով, որ Դաղստանում միշտ էլ 3-6 ամսով որոշակի թվով զորքեր են լինում: Նշված ժամկետն ավարտվելուց հետո նրանց փոխարինում են ուրիշները:
«Հազարավոր զինծառայողների մասին խոսք չկա: Դաղստան կտեղափոխվեն որոշ քանակությամբ շտաբային սպաներ, կապի սպաներ և օպերատիվ աշխատակիցներ: Զորքերի զանգվածային տեղափոխման մասին խոսք չկա»,- ասել է աղբյուրը Interfax-ին:








































