ՀՀԿ ցուցակը հրապարակելուց հետո Սերժ Սարգսյանը մեկնում է Մոսկվա, որպեսզի մասնակցի ԵվրԱզԷՍ-ի գագաթնաժողովին։ Սա, թերևս, բավական ուշագրավ հանգամանք է՝ հատկապես նկատի ունենալով այն ցուցակը, որ Մոսկվա մեկնելուց առաջ ներկայացրել է Սերժ Սարգսյանը: Բանն այն է, որ այդ ցուցակը ոչ այլ ինչ է, եթե ոչ Հայաստանում հաստատված քրեաօլիգարխիկ համակարգի պատճենը և այդ համակարգը ընտրական գործընթացի արդյունքում նույնությամբ վերականգնելու մտադրության հաստատումը: Իսկ այդ համակարգը, ինչպես հայտնի է, Հայաստանում Ռուսաստանի տնտեսական և քաղաքական գերակա իշխանության հարատևության բանալին է, այսինքն` չկա այդ համակարգը՝ չկա նաև Ռուսաստանի անվերապահ գերիշխանությունը Հայաստանի Հանրապետության վրա:
Եվ երբ գործող իշխանությունը ներկայացնում է կրկին այդ նույն համակարգային ցուցակը, ապա դա փաստացի հավաստագիր է Հայաստանում ռուսական գերիշխանությունը շարունակելու, դրա հանդեպ հավատարմությունը հաստատելու իմաստով: Եվ, թերևս, այդ համատեքստում ամենևին պատահական չէ, որ ՀՀԿ-ն ցուցակը հրապարակում է Սերժ Սարգսյանի Մոսկվա մեկնելուց առաջ: Փաստորեն, այդ հավաստագիրը Սերժ Սարգսյանի մոսկովյան անցաթղթի դերն է կատարելու: Սարգսյանը այդ ցուցակը Մոսկվային հավանաբար ներկայացնելու է որպես հավատարմության, իրերի դրությունը և դրա վրա կառուցված ռուսական գերիշխանությունը չփոխելու հաստատակամության նշան՝ հատկապես նկատի ունենալով այն, որ օրերս Մոսկվայում Պուտինի հետ հանդիպում է ունեցել նաև Քոչարյանը: Նա, հավանաբար, Պուտինին փորձել է համոզել, որ Սարգսյանը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք, և այդ շարժը կարող է կանխել միայն ինքը: Սարգսյանն էլ այժմ ՀՀԿ ցուցակով երևի փորձելու է Մոսկվային համոզել, որ իրականում դեպի Արևմուտք գնալու խնդիր չկա, և ինքը պահում է այն համակարգը, որ կա Հայաստանում, և որի վրա կառուցվում է Ռուսաստանի անվերապահ ազդեցությունը Հայաստանի վրա՝ զրկելով երկիրը ինքնիշխանությունից:
Եվ այս տեսանկյունից, մեր առջև բացվում է իսկապես տխուր մի իրականություն, թե ինչպես են Հայաստանի իշխանության տարբեր թևեր շտապում հավաստիացումներ տալ Մոսկվային, որ Հայաստանում ոչ մի էական բան չեն փոխում, որ համակարգային իմաստով որևէ փոփոխություն չեն իրականացնի, միայն թե Մոսկվան իշխանություն տա իրենց, հովանավորի իրենց իշխանությունը: Մյուս կողմից՝ ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը խնդիր ունի իր բրյուսելյան շրջագայությունից հետո հանգստացնել Մոսկվային, և ՀՀԿ համամասնական ցուցակը կատարելու է դրա դերը, իսկ բուն խորհրդարանում կիրառության իմաստով ցուցակն արդեն կարող է լինել բավական առաձգական, և անցանկալի մարդիկ կարող են պարզապես չստանալ մանդատ: Այսինքն` շատ օդիոզ դեմքեր, որ այսօր ցուցակում են, վաղը կարող են մանդատից հրաժարվել «կամավոր-պարտադիր» սկզբունքով: Բայց դա, իհարկե, այն դեպքում, երբ իշխանությունը ունենա Հայաստանը ռուսական գերիշխանությունից կտրելու քաղաքական կամք, իսկ դրա համար պետք է ունենալ իրական բարեփոխումների համարձակություն:
Առայժմ այս ամենը օդեղեն տիրույթում է, իսկ իրականությունն այն է, որ Սարգսյանը, ի դեմս ՀՀԿ ցուցակի, անցագիր է պատրաստել և մեկնել Մոսկվա:










































