TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ` Թուրքիայի մաքսային և առևտրային հարցերով նախարար Հայաթի Յազըջըն Էլյազըղի նահանգում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ չեն փակվելու Սիրիայի սահմանին ընկած մաքսային անցակետերը.
«Ներկայումս խոսք չի գնում Սիրիայի սահմանին գտնվող մաքսային անցակետերի փակման մասին: Սիրիայում տեղի ունեցող զարգացումների պատճառով զգալիորեն նվազել է այդ 4 անցակետերով ելումուտը:
Այն փաստը, որ մենք հետ ենք կանչել Սիրիայում գտնվող մեր ներկայացուցիչներին, չի նշանակում, թե փակվելու են սահմանային անցակետերը: Թեև Սիրիայի տարածքով առևտրային գործունեությունը նվազել է, այնուամենայնիվ, այն դեռ շարունակվում է»:
Հիշեցնենք. Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ մարտի 22-ին փակելու է Դամասկոսում գտնվող իր դեսպանատունը: Այդպիսի իրավիճակում Սիրիայում Թուրքիայի շահերը պաշտպանելու է Հալեպում գտնվող Թուրքիայի հյուպատոսությունը: Բացի այդ, Թուրքիայի ԱԳՆ-ը Սիրիայում գտնվող իր քաղաքացիներին կոչ էր արել վերադառնալ Թուրքիա:







































