Վրացական «Ասավալ-դասավալի» թերթին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի վերընտրվելու կապակցությամբ Վրաց պատրիարք Իլյա 2-րդի ուղարկած շնորհավորական ուղերձը հանդիսանում է երկու երկրների միջև բանակցությունների սկիզբ.
«Իլյա 2-րդը խոհեմություն է դրսևորել՝ ուղարկելով այդ հաղորդագրությունը, որում ասվում է, որ Վրաստանը չի հաշտվի Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ: Այդ հաղորդագրությանն անպայմանորեն պետք է հաջորդեն երկու երկրների դիվանագետների հանդիպումները: Չի բացառվում, որ հաջորդ փուլում կհանդիպեն նաև Վրաստանի ու Ռուսաստանի ղեկավարները, սակայն խոսքը կարող է չվերաբերել Վրաստանի ներկայիս նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին:
Շատ բան կախված է աշնանը Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից: Եթե իշխանության գա ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, ապա նրա համար ավելի հեշտ կլինի Ռուսաստանի հետ շփումների հաստատումը, բանակցություններ սկսելն ու արդյունքի հասնելը: Գլխավորը առանց նախապայմանների բանակցություններ սկսելն է»:
Հիշեցնենք, որ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն երկու օր առաջ ռուսական Эхо Москвы ռադիոկայանին տված հրացազրույցի ժամանակ չէր բացառել Վրաստանի նկատմամբ ռուսական նոր ագրեսիան:







































