Ավելի քան 100 մարդ է ձերբակալվել «Օստանկինո»–ի մոտ չարտոնված ակցիա անցկացնելու համար: Այդ մասին ИТАР-ТАСС-ին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամլո ծառայությունից:
«Կիրակի օրը «Օստանկինո» հեռուստակենտրոնի մոտ չարտոնված միջոցառում անցկացնելու փորձի համար ձերբակալվել է ավելի քան 100 մարդ»,- ասել են մամլո ծառայությունից՝ ավելացնելով, որ ձերբակալվածները ոստիկանության բաժանմունք են տեղափոխվել, որտեղ նրանք, համաձայն գործող օրենսդրության, պատասխանատվության առջև կկանգնեն:
Ավելի վաղ հայտնում էին ավելի քան 50 ձերբակալվածների մասին: Դրանց թվում էին Սերգեյ Ուդալցովը և Բորիս Նեմցովը (տվյալ պահին նրանց ազատ են արձակել):
НТВ-ի դեմ ակցիան կազմակերպվել էր «Բողոքի անատոմիա» ֆիլմի ցուցադրությունից հետո, որը եթեր էր տրվել մարտի 15-ին:
Ֆիլմը ընդդիմության դեմ քարոզչական նյութ է: Մասնավորապես դրանում պատմվում է, որ ընդդիմության ակցիաներին մասնակցելու համար իբր թե գումար են տալիս մասնակիցներին: Սա էլ դժգոհություն է առաջացրել ընդդիմության շրջանում:
Ակցիային, որն արդեն ավարտվել է, ընդհանուր առմամբ մասնակցում էր մի քանի հարյուր մարդ:










































