Մեծ Բրիտանիան այսօր մեղադրել է Իրանին՝ արգելափակելու համար ինտերնետային այն կայքը, որը ստեղծել էր Բրիտանիայի կառավարությունն՝ իրանցիների հետ կապ հաստատելու համար:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգն ասել է, որ UK for Iranians ինտերնետային կայքը, որը հայտնվել էր համացանցում չորեքշաբթի օրը, և որում տեղադրված էր քարտուղարի անձնական տեսագրությունը` իրանցիներին ուղղված հայտարարությամբ, ավելի ուշ արգելափակվել է Թեհրանի կողմից:
Քարտուղարն ասել է, որ դատապարտում է Իրանի կառավարության այս քայլը: Նա նաև նշել է. «Մենք ոչ մի խնդիր չունենք Իրանի բնակչության հետ և ցավում ենք, որ Իրանի իշխանությունները վախենում են, որ իրենց քաղաքացիները կարող են կապ հաստատել արտաքին աշխարհի հետ»:






































