Հունաստանում այսօր ընթանում են իշխող ՊԱՍՕԿ (Համահունական ազգային շարժում) կուսակցության նախագահի ընտրությունները: Ընտրաթերթիկում կա ընդամենը մեկ թեկնածու` ֆինանսների գործող նախարար Էվանգելոս Վենիզելոսը։
Կուսակցության նախկին առաջնորդ Գեորգիոս Պապանդրեուն անցած տարվա նոյեմբերին հրաժարական էր տվել Հունաստանի վարչապետի պաշտոնից, իսկ հունվարին հրաժարվել էր կուսակցության ղեկավարությունից: Կուսացությունը գլխավորելու համար Վենիզելոսին բավական է 400 հազար ձայներից ստանալ 80 հազարը: Ընտրվելու դեպքում նա հրաժարական կտա նախարարի պաշտոնից:
ՊԱՍՕԿ-ը, որը 2009 թ. հավաքել էր ձայների 44 %-ը և հաղթանակ էր տարել, ներկայումս խիստ հեղինակազրկվում է։ Կուսակցությունների ցուցակում այն զբաղեցնում է 5-րդ տեղը:
Փորձագետների կարծիքով` այսօրվա ընտրությունների արդյունքները ցույց կտան, թե կուսակցությունը ինչքանով է պատրաստ ապրիլին կամ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:








































