Անցյալ տարի ՀԵՀ կրթաթոշակին արժանացել է 600 ուսանող, իսկ այս տարի կարժանանա` 750: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀԵՀ-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթև Հարությունյանը:
Նա նշեց, որ մարտի 20-ին ամփոփվելու են հիմնադրամի կողմից հայտարարված կրթաթոշակների մրցույթների արդյունքները: «Կառավարությունը 60 մլն դրամ է տրամադրել հիմնադրամին, որպեսզի այն մրցույթ իրականացնի, բայց անցյալ տարի այս մրցույթին ընդգրկված էին միայն առաջին կուրսի վճարովի համակարգում սովորող, ոչ բարվոք պայմաններում ապրող ուսանողները, իսկ այս տարի նաև երկրորդ կուրսի ուսանողներն են մասնակցել մրցույթին, մարտի 20-ին արդեն հավաստագրեր կշնորհվեն ուսանողներին, որոնք կստանան կրթաթոշակ»,- տեղեկացրեց Տ. Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2011 թ. պետբյուջեում կատարել էր վերաբաշխում, փոփոխություններ և լրացում ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակ հատկացնելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը տրամադրել 60 մլն դրամ։










































