Saturday, 13 06 2026
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն

Ժան Բոդրիար. «Չարիքի և Դժոխքի անհրաժեշտության մասին»

Ֆրանսիացի հայտնի փիլիսոփա և սոցիոլոգ, մոտ 50 գրքերի հեղինակ Ժան Բոդրիարի «Չարիքի և Դժոխքի անհրաժեշտության մասին» խոհագրությունը յուրատեսակ ահազանգ է, և հենց հատկապես մեզ ուղղորդված, որ դարձել ենք համընդհանուր ամորֆության ու տաղտկալի բարգավաճման զոհը:

Չարիքի և Դժոխքի անհրաժեշտության մասին

Այսօր այլևս գոյություն չունի վերջնական նզովք: Այսօր այլևս դժոխք չկա: Կարելի է, իհարկե, ենթադրել, որ մենք դեռևս կենում ենք քավարանի միջանկյալ տարածության մեջ, սակայն, ըստ էության, ամեն ինչի վրա դաջված է քավության կնիքը: Իրավիճակի այս կարգի ավետարանացումն իրեն զգացնել է տալիս բարեկեցություն ձեռք բերելու և ցանկության իրագործման գովազդային կոչերում, որոնցով մեզ է դիմում ինչ-որ դրախտային քաղաքակրթություն, որն իր անկյունաքարն է դարձնում Տասնմեկերորդ պատվիրանը. («Երջանիկ եղիր և երջանկություն ճառագիր»), որն ինքնին իր էությամբ փոխարինում է բոլոր նախորդներին: Սակայն փրկության քավության այդ պահանջը հեշտությամբ դրսևորվում է դատապարտման բազմաթիվ գործընթացներում, որոնք ծավալվում են այսօր. ոչ միայն այժմյան բռնության և անարդարության կապակցությամբ, այլ նաև` հետադարձության շրջանակներում` հանցագործությունների և անցյալի իրենց բնույթով ոչ միանշանակ իրադարձությունների առնչությամբ… Մենք գործ ունենք Հեղափոխության պարսավանքի և ընտանիքում կնոջ նվաստացման, ստրկության քննադատության և մթնոլորտի օզոնային շերտի քայքայման առաջին մեղքի և սեքսուալ նկրտումների հետ, կարճ ասած` մեզ ակնհայտորեն բախտ է վիճակվել զննել Ահեղ դատաստանի նիստի նախապատրաստումը, որը կոչված է մերկացնելու, իսկ այնուհետև մեղաց թողություն տալու և արդարացնելու ողջ մեր պատմությունը: Տվյալ նախապատրաստումը պետք է կործանի Չարիքը նույնիսկ այնտեղ, որտեղ այն համարյա աննշմար է, և դա արվում է այն բանի համար, որպեսզի մեր ունիվերսումը լուսավորվի ճառագմամբ, որը վկայում է նրա բացարձակ պատրաստականության մասին առ անցում այլ աշխարհ: Վիթխարի, անմարդկային, գերմարդկային, չափազանց մարդկային ձեռնարկում: Դե ինչ, ինչպես ասում էր Եժի Լեցը. «Մեր պատկերացումը մարդու մասին, ըստ երևույթին, չափազանց մարդակերպական է»: Ինչից է այդչափ հոգածությունը այդ զղջման մեխանիզմի արդյունավետ գործելու համար, ինչի՞ց է այդքան ուշադրությունը այդ շղթայական ռեակցիայի անարգել ծավալման ապահովության համար: Նրանից, որ ամեն ինչ պիտի փրկվի: Այսօր մենք գտնվում ենք մեր էվոլյուցիայի այն փուլում, որտեղ ոչինչ չի խուսափի շտկումից. ողջ անցյալը վերարտադրված կլինի, մինչ թափանցիկություն ողորկված, իսկ ինչ վերաբերում է ապագային, ապա այդտեղ ամեն ինչ ավելի լավ և վատ է, ամեն ինչ գենետիկորեն վերափոխված` հանուն մարդկային ցեղի կենսաբանական և դեմոկրատական կատարելության:

Ճիշտն ասած, հենց որ երջանկությունը փոխակերպվում է փրկության համընդհանուր համարժեքի, անհետանում է ոչ միայն դժոխքը, այլև` երկինքը: Չկա դժոխք` չիք և երկինք, չկա գիշեր` չկա և լույս: Առանց տանջանքների դատապարտված փրկվածներ չեն կարող լինել: Եվ այն պահից, երբ ներունակորեն փրկված է լինում ողջ աշխարհը, արդեն ոչ ոք փրկված չէ: Փրկությունն այլևս իմաստ չունի: Հենց այդպիսի ճակատագիր է սպասվում մեր դեմոկրատական ձեռնարկմանը. նա ի սկզբանե դատապարտված էր այդ ամենին, քանզի հիմնված է տարբերության պահպանման կարևորության մոռացության և չարիքի զանցման վրա: Բայց այստեղից միայն մի բան է հետևում` Չարիքը մեր աշխարհում պետք է ներկա լինի, և ներկա լինի անվերապահորեն: Մենք պետք է պնդենք Չարիքի ներկայությունը` առանց հնարավոր քավության, տարբերության անվերապահ ներկայությունը, Երկնքի և Դժոխքի հավերժական երկվությունը և նույնիսկ Չարիքի յուրատեսակ կանխորոշվածությունը, քանզի կանխորոշվածությունն այն է, առանց որում չի կայանում և ոչ մի ճակատագիր: Եվ այստեղ ոչ մի ապաբարոյական բան չկա: Հենց որ մենք հետևում ենք խաղի կանոններին, ոչ մի ապաբարոյական բան չկա ոչ այն բանում, որ մեկը պարտվում է, իսկ ինչ-որ մեկը հաղթանակում, և ոչ էլ նույնիսկ այն բանում, որ բոլորը պարտություն են կրում:

Ապաբարոյականության մասին պետք է խոսել, երբ բոլորը, ընդհակառակը, հաղթանակում են, սակայն հենց համընդհանուր հաղթանակի այդ կարգի իրավիճակն էլ ենթադրվում է, որ ժամանակակից դեմոկրատիայի իդեալն է` իր նշանաբանով. «Թող փրկվեն բոլորն առանց բացառության»: Եվ այդ իդեալն իրականանում է միայն դեմոկրատականության անսանձ ուժգնացմամբ, նրա նպատակադրույթների ինֆլյացիայի գնով և նրա գաղափարների անվերջանալի չարաշահմամբ: Ըստ էության, երջանկության թագավորությունն այդքան էլ իդեալական չէ: Եվ արդյո՞ք ի վիճակի է իդեալական լինել այն աշխարհը, որից վտարված են մրցակցությունն ու այլոց հաղթանակելու հնարավորությունը: Սակայն այն, որ տվյալ տիեզերքը կատարյալ չէ` դա էլ հենց լավ է, քանզի այդ դեպքում Բարու հեգեմոնիան և ձեռք բերված անձնական երջանության զգացողությունը երբեք չեն կարող խուսափել որոշակի մարտահրավերից և որոշակի կրքից, և կնշանակի, որ ուզածդ երջանկություն և նրա հետ կապված յուրաքանչյուր հափշտակվածություն որոշակի պահին կարող են զոհաբերվել առավել վիտալիստական ինչ-որ բանի, այն ուժին, որը, կոչենք այն կամք` ինչպես Շոպենհաուերը, կամ` իշխանություն, կամք առ իշխանություն` ինչպես Նիցշեն, ներկայանում է որպես Չարիքի ուժ: Չարիքը խստագույն սահմանման չի տրվում, սակայն այն անկասկած բացահայտվում է` ինչպես այն, ինչը կանխորոշված է իրագործման, որպեսզի դիմակայի մեր առ երջանկության տենչի որոշակիությանը:

Այսպիսով, մաքսիմալ պերֆորմանսի շարժումը, աշխարհի իդեալական ռեալիզացիան, մի շարժում, որ բնութագրվում է, թվում է թե, բացառապես լավատեսության հուզավառությամբ և անշուշտ իր մեջ չարիք ու դժբախտություն է կրում և կրում է այդ` ակնհայտորեն չարտահայտված, բայց մարդկանց կասկածալի վերաբերմունքով առ ապագան, սակայն բավական է միայն անհատների կտրուկ հրաժարումն իրեն սպառող «այդչափ փայլուն ապագայից»: Երջանիկ կյանքի հրամայականի դեմ այդ քայքայիչ աշխատանքը, մարդկանց այդ ինքնաբերական պարպումը իրենց սեփական բարօրության և երջանկության կապակցությամբ ամենուր տեղ է գտնում, որտեղ հասարակության անդամները դատապարտված են ազատության կամ իդեալական իրականացման նոր տիեզերքում: Ստիպված լինելով օգտագործել իրենց մաքսիմալ արդյունավետությամբ` նրանք անխուսափելիորեն հայտնվում են սեփական եսի և հենց իրենց գոյության քայքայման իրավիճակում: Այս տարօրինակ աշխարհում, որտեղ ինչ ասես (մարմինը, սեքսը, շրջապատող միջավայրը, փողը, հաճույքը) ըստ էության պետք է ամբողջությամբ ընդունվի կամ դեն նետվի, ամեն բան գտնվում է այստեղ, ամեն ինչ ֆիզիկապես ներկա է, բայց բնազանցորեն արդեն ոչինչ չկա: Անհատները, ինչպիսին որ նրանք կան, դառնում են հենց այն, ինչը կան: Անդրանցականից և պատկերավորից զուրկ` նրանք լիովին անօգուտ կյանք են վարում` և այլ աշխարհի, և հենց անհատների տեսանկյունից: Այն, ինչ նրանք անում են, անում են ավելի ու ավելի լավ, քանզի նրանք այլ կերպ վարվելու հնարավորություն չունեն: Այդ մարդկանց բախտ է վիճակված իրենց կյանքը զոհել գործառնական գոյությանը: Նրանք բացարձակապես խրվել են իրենց վարմունքի ճշգրիտ թվային հաշվարկի մեջ: Նրանք, հետևաբար, իրականանում են, սակայն այդ իրականացումն ու կայացումը դրա հետ մեկտեղ ժխտվում է, չի ընդունվում հենց իրենց կողմից, նրանց մեջ բողոք է հարուցում: Եվ այստեղ մենք գործ ունենք ևս մի իրականանալիության հետ` իրականացման չընդունման իրականանալիության հետ:

Զղջումն ու մեղադրանքը միևնույն մեդալի կողմերն են. մեղադրել կնշանակի գործերի ընթացքը սրբագրելու և բացասական հետևանքները չեզոքացնելու նպատակով վերադառնալ հանցագործությանը: Եվ հենց դա էլ մենք անում ենք` հրաժարվելով մեր ողջ պատմությունից, մարդկային ցեղի հանցավոր պատմությունից, որպեսզի այսօր արդեն պատրաստ լինենք արտաբերելու մեր մեղայականը Ահեղ դատաստանի հանդիման: Քանզի Աստված մեռած է, բայց նրա դատաստանը մնում է: Այստեղից էլ զղջման համաճարակի և շտկման (դեռևս պատմական, բայց շուտով կգա մարդկանց գենետիկ և կենսաբանական շտկման ժամանակը) ակնառու նշանները, որը համակել է մարդկանց աշխարհի վերջի տվյալ դարաշրջանում: Մի համաճարակ, որը վկայում է փրկության արժանանալու մեր անկասելի ցանկությունը: Խոսքն այն մասին է, որ մենք ուզում ենք լիովին վայելել մեր սեփական դժբախտությունը:

«Մարդկությունը, որը մի ժամանակ, Հոմերոսի շրջանում, հայեցման օբյեկտ էր օլիմպիական աստվածների համար, այժմ հայեցման օբյեկտ է դարձել ինքն իր համար: Մարդկանց օտարացումը հենց իրենցից, և հենց իրենց իրականացրած, հասել է այն աստիճանի, որ ստիպում է ապրել իր սեփական դեստրուկցիան որպես առաջնակարգ գեղագիտական հասանելիք» (Վալտեր Բենիամին):

Պատմությունն, իր մարդասիրական էվոլյուցիայի երկրորդ շրջափուլը թևակոխելու տեսանկյունից, միայն հանցագործությունների շղթա է, ընդ որում` առանց ողջ այս քրեական ոճիրի այն պարզապես չէր լինի: Քանզի, ինչպես Մոնտենն էր ասում. «Եթե որևէ ուժ վերացներ չարը մարդու մեջ, այն կվերացնի կենաց որոշիչ պայմանը»: Սակայն այստեղից հետևում է, որ Կայենն Աբելին սպանելով ամենաիսկական հանցանք է գործել մարդկայնության դեմ, համարյա եղեռն (չէ՞ որ նրանք ընդամենը երկուսն էին): Իսկ նախածին մե՞ղքը: Մի՞թե այդ էլ նույն կարգի հանցագործություն է: Աբսուրդ է, լիովին աբսուրդ պատմության այդ ողջ հետադարձ մարդասիրական կեղծումը: Եվ առաջին հերթին այն կապված է չարիքի և դժբախտության խառնակման հետ: Չարիքը աշխարհ է, ինչպիսին, որ նա կա և եղել է, և մենք կարող ենք նրա մասին հստակ պատկերացում կազմել: Դժբախտությունը աշխարհ է, ինչպիսին, որ նա երբեք չպիտի լիներ: Բայց չպետք է լիներ հանուն ինչի՞: Հանուն այն բանի, ինչը պետք է տեղ ունենա, իսկ այն, ինչը տեղ ունի, պետք է կողմնորոշվի առ Աստված, առ ինչ-որ անդրանցական իդեալ, առ Բարին, Բարին, որի ճշգրիտ բնութագիրը մենք շատ կուզենայինք տալ: Մեր հայացքը հանցագործության հանդեպ կարող է քրեական լինել` և այդժամ մենք գտնվում ենք ողբերգականի ոլորտում: Կամ էլ այն կարող է մեղադրական լինել` այդժամ մենք հայտնվում ենք հումանիզմի տարածության մեջ: Վերջին դեպքում մեզ հատուկ է իրականության պաթետիկ և սենտիմենտալ ընկալումը, որը մեզ մղում է անդադար շտկման: Եվ աշխարհի հանդեպ այդ յուրահատուկ չարացածության ակունքները վկայում են այն մասին, որ մենք պարտավոր ենք շտկել հենց մեր սեփական կյանքը, և այդ ակունքները պետք է փնտրել հենց բարոյականության ծագումնաբանության մեջ:

Թարգմանությունը` Վարդան Ֆերեշեթյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում