ՌԴ նորընտիր նախագահ Պուտինին շնորհավորելով նախագահի ընտրության հաղթանակի կապակցությամբ՝ Սերժ Սարգսյանը նրան Հայաստան այցելելու հրավեր էր հղել: Եթե Պուտինն ընդունի այդ հրավերը, ապա Հայաստան նրա այցը անկասկած տեղի է ունենալու Հայաստանի խորհրդարանի ընտրությունից հետո, որովհետև Պուտինը իր նախագահամուտը նշելու է մայիսի 7-ին: Այսինքն՝ այդ ժամանակ արդեն Հայաստանում հաշված կլինեն խորհրդարանի ընտրության քվեարկության արդյունքները և ներկայացրած կլինեն պատկերը: Այլ կերպ ասած՝ պարզ կլինի, թե Հայաստանի քաղաքական դաշտում ինչպիսի ստատուս-քվո է ձևավորվում, նաև, թե ինչպիսի ստատուս-քվո է ձևավորված Հայաստանի քաղաքական դաշտի սուբյեկտների կազմում առանձին-առանձին, այսինքն՝ ինչպիսի ստատուս-քվո է ՀՀԿ-ում, ԲՀԿ-ում, կամ Հայ ազգային կոնգրեսում: Նաև պարզ կլինի, թե ինչպիսին է լինելու հասարակության արձագանքը խորհրդարանի ընտրությանը, ու Հայաստանում ինչ հետընտրական տրամադրություններ և երկարաժամկետ գործընթացներ են մեկնարկելու:
Եթե ամփոփելու լինենք այս ամենն ու խուսափենք արարողակարգային ձևակերպումներից, ապա խոշոր հաշվով, երբ գա Պուտինի՝ Հայաստան այցելելու հրավերն ընդունելու կամ չընդունելու պահը, պարզ կլինի, թե ինչպիսի Հայաստան է գալիս Պուտինը՝ Ռուսաստանի ազդեցությունը խորացրա՞ծ, թե՞ Ռուսաստանի ազդեցությունից զգալիորեն դեպի դուրս քայլ կատարած Հայաստան: Այդ տեսանկյունից առաջիկա խորհրդարանի ընտրության բովանդակային ամենախոսուն ինդիկատորներից մեկն էլ կարող է լինել հենց Պուտինի հնարավոր այցը կամ այդ այցի չկայացումը, կամ պարզապես դրա բովանդակությունը:
Բանն այն է, որ Հայաստանի առաջիկա խորհրդարանի ընտրության ամենավառ մրցակցային հարթություններից մեկը լինելու է հենց Ռուսաստան-Արևմուտք մրցակցությունը: Պատահական չէ այն, որ Արևմուտքը այս անգամ խոսում է աննախադեպ ուշադրության մասին: Խնդիրը այստեղ, անշուշտ, հայկական դեմոկրատիայի ճակատագիրը չէ, կամ դա խնդիր է այնքանով, որքանով Արևմուտքը հետաքրքրված է Հայաստանի հետ աշխարհաքաղաքական գործընկերությամբ և այդ համատեքստում ձգտում է երկրում հնարավորինս թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի դե յուրե սուվերեն որոշումների վրա: Բայց այստեղ, իհարկե, պետք չէ թյուրընկալում: Խոսքը Ռուսաստանից դեպի Արևմուտք անցման մասին չէ: Արևմուտքում խնդիրները համենայնդեպս այդպես չէ, որ պատկերացնում են: Այնտեղ շատ լավ են հասկանում, որ Հայաստանի պարագայում այդ անցումները գործնականում անհնար են, իսկ համառ փորձերը՝ շատ վտանգավոր:
Խնդիրը տվյալ պարագայում այն է, որ Հայաստանն աստիճանաար ձեռք բերի սուվերեն քաղաքական սուբյեկտության ռեսուրս՝ այդպիսով էապես բարձրացնելով տարածաշրջանային և համաշխարհային քաղաքականության համատեքստում սեփական ներգրավվածության արդյունավետությունը:










































