Բրիտանացի Ռայան Էքրոյդին մեղադրանք է ներկայացվել ԿՀՎ-ի, Մեծ Բրիտանիայի առանձնակի վտանգավոր հանցագործությունների դեմ պայքարի վարչության, մի շարք խոշոր ընկերությունների, ինչպես նաև մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկին պատկանող թերթերի, հոլիվուդյան կինոստուդիաների վրա ցանցահենային հարձակում իրականացնելու համար:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, 25-ամյա Ռայան Էքրոյդը կանգնել է բրիտանական դատարանի առաջ: Նրան մեղադրանք է ներկայացվել, սակայն գրավի դիմաց նրան ազատ են արձակել: Մեղադրյալը չի ընդունում իր մեղքը:
Բրիտանիայի հատուկ ծառայությունները կասկածներ ունեն, որ նա պատկանում է LulzSec միջազգային ցանցահենային խմբին, որն առանձնացել է մեկ այլ՝ Anonimous ցանցահենային խմբից:
Էլեկտրոնային հարձակումները, որոնց իրականացման մեջ մեղադրվում է Էքրոյդը, կատարվել են անցյալ տարվա փետրվարի 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում: Հետաքննության տվյալներով՝ նա գործել է 3 բրիտանացիների հետ համատեղ, որոնցից մեկն անչափահաս է: Ցանցահենները DDoS- հարձակումներ են իրականացրել:
Էքրոյդի և նրա ենթադրյալ համախոհների գործով հերթական լսումները տեղի կունենան մայիսի 11-ին:








































