«Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար, Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ Գյումրի է այցելել:
«Զարմանալի զուգադիպությամբ` Աբրահամյանը Գյումրի է ժամանել վարչապետ Տիգրան Սարգսյանի` մեկ շաբաթ առաջ կատարած այցից հետո: Նման մի դեպք էլ եղել էր Սյունիքի մարզում: Նա եղել է ՀՀԿ նախընտրական շտաբում և հանդիպել քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, ՀՀԿ-ական պատգամավորների ու ՀՀԿ շտաբի անդամների հետ:
Սակայն ուշագրավը ոչ այնքան բուն այցն է, որքան այցի ձևը. Հովիկ Աբրահամյանը եկել էր ոչ թե իր «Մերսեդես» մակնիշի մեքենայով, այլ `«Պրադո» ջիփով: Ընդ որում, նրա մեքենան ուղեկցել են պետական թիկնազորի` ՊՊՎ երկու մեքենաներ: Ամենայն հավանականությամբ` թիկնազորը նրան տրամադրել է Սերժ Սարգսյանը: Իսկ սա նշանակում է, որ ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարը ևս գտնվում է պետական պահպանության հսկողության ներքո: Մինչդեռ որպես սովորական պատգամավոր` նա իրավունք չուներ պետական թիկնազորով շրջելու»,- հավելում է թերթը:







































