Ուկրաինայում առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդդիմության միասնական ցուցակը գլխավորելու է երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն. այս մասին հայտարարել է «Բատկովշինա» կուսակցության փոխնախագահ Ալեքսանդր Տուրչինովը:
«Այսօր առաջին համարին` Յուլյա Տիմոշենկոյին, այլընտրանք չկա»,- ուկրաինական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում ասել է նա:
Ինչ վերաբերում է ընդդիմության մյուս ներկայացուցիչներին, ապա, ըստ Տուրչինովի, նրան պետք է հետևեն առավել բարձր վարկանիշ ունեցողները:
Interfax գործակալության փոխանցմամբ`Տուրչինովը հույս է հայտնել, որ մինչ այդ կլինի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, ինչը թույլ կտա Տիմոշենկոյին առաջադրվել խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Տուրչինովի խոսքերով` այդ ցուցակում չի լինի երկրի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն. «Գիտեք, նա իրավունք և հիմքեր ունի հայտնվելու «տարածաշրջանների կուսակցությունում», – հեգնել է Տուրչինովը` նախկին նախագահին «տեղավորելով» իշխանության ցուցակում:







































