Ահաբեկչական հարձակումները Նորվեգիայի քաղաքացիների վրա, ինչպիսին իրականացրել էր Անդերս Բրեյվիկը, ապագայում կարող են կրկնվել, լրագրողներին հայտարարել է հետախուզական ծառայությունների ղեկավար Ռոջեր Բերգը:
«Հավանականություն կա, որ մեկ այլ մարդ, Անդերսի նման, ահաբեկչական հարձակումներ իրականացնի»,- ասել է նա: Բերգը հանրության ուշադրությանն է ներկայացրել 37 էջանոց զեկույց հետախուզական ծառայության գործողությունների մասին, հաղորդում է Интерфакс-ը:
«Հանդես գալով հետախուզության անունից՝ ցավում եմ, որ մենք չկարողացանք կանխել Բրեյվիկի ահաբեկչությունը: Մեր տեսանկյունից Բրեյվիկը միայնակ ահաբեկիչ է, ով ունի անսովոր աշխարհընկալում»,- նշել է Բերգը: Նա ընդգծել է, որ Բրեյվիկն ահաբեկչությունը միայնակ ծրագրել էր երկար տարիների ընթացքում, իսկ հետախուզության աշխատակիցները չեն կարողացել բացահայտել այն:
Հիշեցնենք, որ Անդերս Բրեյվիկի կողմից 2011 թվականի հուլիսի 22-ին իրականացրած կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհվել է 77 մարդ: Բրեյվիկը միանգամից խոստովանել է, որ ահաբեկչությունն ինքն է իրագործել, սակայն իրեն մեղավոր չի ճանաչել:
Նրա փաստաբանները նշում են, որ չնայած Բրեյվիկը խոստովանել է կատարած հանցագործությունը, դեռ պետք է նրա մեղքն ապացուցվի դատարանում: Եթե Բրեյվիկը հոգեպես առողջ ճանաչվի, ապա առավելագույն պատիժը, որ նա կստանա, 21 տարվա ազատազրկումը կլինի:







































