«ԱԻՄ-ը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ հավելելով, որ դա նշանակում է ԱԻՄ-ի կազմալուծում, ինչի համար ինքը չի ցավում: ԱԻՄ-ականներին, սակայն, իրավունք է տրվել սեփական հայեցողությամբ առաջադրվել՝ որտեղ կցանկանան:
Ասուլիսի ընթացքում Հայրիկյանը ներկայացրեց ԱԻՄ-ի ստեղծման պատմությունը՝ ասելով, որ կուսակցությունը բացվել է 1987թ. Գորբաչովին ուղղած իր նամակից 6 ամիս անց. «1987թ.-ի մարտի 17-ին աքսորավայրից մի նամակ ուղարկեցի Գորբաչովին, որին պատասխանելու համար նրանք երկու ամիս մտածում էին: Նամակիս դրական պատասխանը նշանակում էր խորհրդային կարգերի փլուզում: Դրանից 6 ամիս անց ստեղծվեց ԱԻՄ-ը, որին հաջորդեց Ղարաբաղյան պատերազմը»:
Նրա կարծիքով՝ դեռևս 1990-ականներին ժողովուրդը պիտի բացականչեր ոչ թե «Անկախ Ղարաբաղ», այլ «Ինքնորոշված Ղարաբաղ»:
Որպես քաղաքական գործիչ՝ Պարույր Հայրիկյանն իրեն ավարտված չի համարում, սակայն խորհրդարանական ընտրություններին չի մասնակցի:









































