Այսօր Մոլդովայի նոր նախագահ է ընտրվել Նիկոլայ Տիմոֆտին: Ելույթ ունենալով խորհրդարանում՝ նախագահի ընտրությունների անցկացման հատուկ հանձնաժողովի նախագահ Տուդուր Դելիուն ասել է, թե քվեների հաշվարկից հետո պարզվել է, որ գաղտնի քվեարկության արդյունքում նախագահ է ընտրվել Նիկոլայ Տիմոֆտին:
Ինչպես հաղորդում է BBC-ն, նախագահ ընտրվելու համար Տիմոֆտիին անհրաժեշտ էր հավաքել պատգամավորների ձայների առնվազն երեք հինգերորդը, կամ ստանալ 101 պատգամավորներից 61-ի աջակցությունը: Տիմոֆտին իր օգտին հավաքել է 62 ձայն: Հաղորդվում է, որ նրա օգտին են քվեարկել իշխող «Եվրոպական ինտեգրացիայի դաշինքի» բոլոր 59 պատգամավորները և Սոցիալիստների կուսակցության 3 պատգամավորներ:
Կոմունիստական կուսակցության ֆրակցիան բոյկոտել է խորհրդարանի նիստը և ընտրություններին չի մասնակցել:
Այսպիսով, Մոլդովայի ընտրությունները համարվում են կայացած։ Տիմոֆտին դարձել է Մոլդովայի ժամանակակից պատմության թվով չորրորդ նախագահը: Կայացած նախագահական ընտրություններով Մոլդովայում վերջ է դրվում 2009 թ. սկսված քաղաքական ճգնաժամին:






































