Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին երկրի նախկին նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիին վերստին նշանակել է իրեն կից խորհրդատվական մարմին հանդիսացող Քաղաքական նպատակահարմարության խորհրդի նախագահ:
Քաղաքական նպատակահարմարության խորհրդի լիազորությունների մեջ է մտնում նաև Իրանի խորհրդարանի ու Իսլամական հեղափոխության պահակազորի միջև ծագած վիճելի հարցերի կարգավորումը: Այն բացառիկ իրավունք ունի երկրի Սահմանադրության մեջ ուղղումներ մտցնելու համար, պետական բարձրագույն պաշտոններում հաստատելու առաջադրված թեկնածուներին, ինչը նաև վերաբերում է երկրի նախագահին: Խորհուրդը նաև հետևում է խորհրդարանի գործունեությանը:
Նշվում է, որ Ռաֆսանջանին նախորդ տարի զրկվել էր Իրանի արտահանողների խորհրդի նախագահի պաշտոնից: Իրանի ներկայիս նախագահ Մահմուդ Ահմադինեժադի քաղաքական հակառակորդների ճամբարը ներկայացնող Ռաֆսանջանին 2009 թվականի ընտրություններից հետո բազմիցս քննադատել է Ահմադինեժադին:
Հիշեցնենք, որ Ռաֆսանջանին Իրանի նախագահն է եղել 1989-1997 թվականներին:










































