Հանրապետական գործարար պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը գործարար դաշտ կվերադառնա սեպտեմբերից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ինքը` Ռուբեն Հայրապետյանը:
Նա տեղեկացրեց, որ նոր բիզնեսներ է հիմնելու, իսկ առայժմ զբաղվում է տրիկոտաժի արտադրությամբ:
Լրագրողներից մեկի հարցին՝ ի՞նչ միջոցներով, խորհրդարանականն ասաց. «Իմ գումարներով, որն աշխատել եմ այն ժամանակ, երբ դու չէիր ծնվել, պատգամավորական աշխատավարձով»:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց արծիվներ» հ/կ ղեկավար Խաչիկ Ասրյանին, ինչին Հայրապետյանն արձագանքեց. «Ո՞վ է Խաչիկ Ասրյանը, չեմ ճանաչում»: Իսկ երբ տեղեկացավ, որ նա սպորտի հարցերով փոխնախարար է, նշեց, որ սպորտի նախարարությունից միայն Արսեն Քարամյանին է ճանաչում, նախարարին էլ չգիտի:
Անդրադառնալով իր և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերություններին՝ Ռ. Հայրապետյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ իրենց միջև հակասություններ չկան, և իրենք շատ ջերմ հարաբերությունների մեջ են:











































