ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանում քաղաքական իրավիճակը գնահատեց տխուր` բացասական քաղաքական անցուդարձով:
«Ամեն ինչ դեպի վատն է ընթանում: Մենաշնորհը լավ բան չի, իսկ իշխող կուսակցությունն ասում է` մենակ մեզ են վստահում, ընդունում: Իշխանության գալիս են նույն մարդիկ, նույն կլանը, ոչ մեկին չեն թողնում մտնել խորհրդարան, փորձում են իրենց շրջապատել դավաճաններով»,- ասաց նա:
Տ. Կարապետյանը հայտնեց, որ խորհրդարանի առաջիկա ընտրություններին իրենց կուսակցությունը, հավանաբար, համամասնականով չի մասնակցի, մեծամասնականով առաջիկա շաբաթվա ընթացքում կառաջադրվի ինքը՝ Արտաշատի շրջանի թիվ 17 ընտրատարածքում: Նրա խոսքով՝ ամեն ինչ պարզ կլինի կուսակցության առաջիկա համագումարում:
«Պրակտիկան ցույց է տալիս, որ համամասնականով չենք կարողանում ձայներ հավաքել, գողանում են մեր ձայները՝ իրականում փողն է տիրում և կեղծիքը, դրա համար առաջադրվելու եմ մեծամասնականով»,- նշեց նա:
Հարցին, թե ի՞նչ ընտրապայքար է սպասվում այդ ընտրատարածքում, Կարապետյանն ասաց. «Շատ կցանկանայի, որ Հովիկ Աբրահամյանը դներ այդտեղ թեկնածությունը, բայց միգուցե ինձնից է վախենում»,- ասաց նա:
«Առաջին լրատվական»-ը ԺԿ նախագահից հետաքրքրվեց՝ ի՞նչ մեթոդներով է փորձելու ձայներ հավաքել Արտաշատի շրջանում՝ հեռուստացույցներ կամ այլ իրեր բաժանելո՞ւ է:
«Չէ, ի՞նչ հեռուստացույց, իրենք էլ չեն ուզում… էդ բժշկական օգնությունը որ լավ սովորել են ինձանից, էդ ամեն ինչ բաժանելը… մենք գրավելու ենք մեր հոգու մաքրությամբ, կեղծիքից, պղծումից մարդիկ հոգնել են»,- պատասխանեց նա` հավելելով, որ իրեն Արտաշատի շրջանում շատ լավ գիտեն և իր գյուղեր կատարած հանդիպումներից ելնելով` վստահ է, որ կհաղթի:








































