Ոստիկանների հետ միջադեպը կրկնապատկեց Մաշտոցի պուրակում նստացույցի մասնակիցների թիվը: Այս գիշեր Մաշտոցի պուրակում գիշերել են 42 բնապահպանական ակտիվիստներ. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ, լուսանկարիչ, բնապահպանական ակտիվիստ Եղիա Ներսիսյանը:
Նա նշեց, որ երեկ երեկոյան՝ այն բանից հետո, երբ ոստիկանները բռնի ուժով տարան ակտիվիստների վրանը, նստացույցի մասնակիցների թիվը կրկնապատկվեց: «Գիշերը պուրակում եղել է 42 ակտիվիստ և բազմաթիվ ոստիկաններ: Գիշերն անցել է առանց միջադեպերի, ոստիկաններն իրենց համար, մենք` մեր, առանձին»,- մանրամասնեց ակտիվիստ Եղիա Ներսիսյանը:
Ըստ նրա` այս պահին ևս Մաշտոցի պուրակը լիքն է ոստիկաններով, ակտիվիստներ նույնպես կան:
Հիշեցնենք, որ արդեն երկու օր է, ինչ «Մեր քաղաքը», «Մենք ենք այս քաղաքի տերը», «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունների անդամները շուրջօրյա նստացույց են սկսել: Նախորդ գիշերը պուրակում անցկացրել էին քնապարկերում, վրանում և նստարանների վրա: Երեկ երեկոյան ժամը 21.30-ի սահմաններում Մաշտոցի այգուց ոստիկանները տարել էին բնապահպան ակտիվիստների տեղադրած վրանը:
Ակտիվիստները պնդում են, որ ոստիկանները բռնի ուժ են կիրառել, իսկ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն` ակտիվիստներն իրավունք չունեին վրան տեղադրել հանրային տարածքում:









































