ՀԱԿ Գյումրիի տարածքային կառույցի համակարգող Աշոտ Զաքարյանը դեռևս չի որոշել՝ Շիրակի մարզի թիվ 33 ընտրատարածքում առաջադրվելո՞ւ է մեծամասնական ընտրակարգով, թե՞ ոչ: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում: Հիշեցնենք, որ նույն ընտրատարածքում երրորդ անգամ անընդմեջ առաջադրվելու որոշում է կայացրել ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը:
«Վերջնական դիրքորոշումս կարտահայտեմ մոտակա մեկ-երկու օրվա ընթացքում»,- ասաց նա: Հարցին՝ հնարավո՞ր է, որ կողմնորոշվելու հարցում իրեն խանգարում է Աշոտ Աղաբաբյանի հետ սպասվելիք մրցապայքարը, Աշոտ Զաքարյանը կես կատակ-կես լուրջ պատասխանեց. «Իմ վախը բռնել են դեռևս 46 տարի առաջ: Այդ առումով որևէ խնդիր չունեմ, պարզապես նպատակահարմարության խնդիրն է: Մտահոգություններ չունեմ նաև նախորդ անգամ չընտրվելուս կապակցությամբ: Նախորդ ընտրությունների արդյունքները չեն արտահայտել ընտրողների իրական տրամադրությունները: Ես հիմա էլ իմ աչքի առաջ նույն բանն ունեմ. եթե անգամ մասնակցեմ ընտրություններին, ապա գիտակցում եմ՝ ինչի հետ եմ գործ ունենալու»:








































