Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ ապրիլին նշանակված՝ Իրանի և միջազգային միջնորդ խումբ հանդիսացող «Վեցյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) միջև բանակցությունները հանդիսանալու են պատերազմից խուսափելու Թեհրանի վերջին հնարավորությունը:
Թերթի տվյալներով՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի խնդրանքով՝ այս մասին իրանական իշխանություններին իրազեկել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Երկուշաբթի նրանք բանակցել են Նյու Յորքում՝ ՄԱԿ ԱԽ նիստի ավարտից անմիջապես հետո: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև Սիրիայի հարցը:
Թերթը գրում է, որ հազիվ թե ներկայումս Սիրիային սպառնա արտաքին ռազմական միջամտության հարցը, երբ դեռ օրակարգում է Իրանի հետ պատերազմի մեծ սպառնալիքը: Ռուսաստանի ԱԳՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանին կհարվածեն մինչև տարեվերջ: Նա հավելել է, որ Իսրայելը, ըստ էության, շանտաժի է ենթարկում Օբամային. կա՛մ նա կաջակցի Իրանի դեմ պատերազմին, կա՛մ էլ կզրկվի հրեական լոբբիի աջակցությունից:
Ներկայիս դրությամբ դեռևս անհայտ են մնում Իրանի և «Վեցյակի» միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների անցկացման ստույգ ժամկետն ու վայրը:
Հիշեցնենք, որ երեկ Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը հայտարարել էր, թե Իրանի և «Վեցյակի» միջև բանակցությունները կսկսվեն շուտով: Փետրվարի վերջին Թուրքիայի արտգործախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ Իրանի և «Վեցյակի» միջև բանակցությունները վերսկսվելու են ապրիլին, և որ Թուրքիան պատրաստ է հյուրընկալել դրանք:









































