Բանտում գտնվող Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին հետազոտած գերմանացի բժիշկները նրան անաշխատունակ են ճանաչել: Այս մասին հաղորդում է ուկրաինական UNIAN գործակալությունը՝ վկայակոչելով Տիմոշենկոյի փաստաբան Սերգեյ Վլասենկոյին:
Իրավաբանը նշել է, որ բժիշկների կողմից տրամադրված համապատասխան փաստաթուղթ ունի, որից հատվածներ է ընթերցել լրագրողների համար: Ըստ այդ փաստաթղթի՝ «տիկին Տիմոշենկոն առողջական գանգատների նշված համալիրով անաշխատունակ է»:
Հարկ է նշել, որ իր պաշտպանյալի ախտորոշումը Վլասենկոն այդպես էլ չի ընթերցել (չնայած նշել է, որ Տիմոշենկոն գրավոր համաձայնություն է տվել տեղեկությունը հրապարակելու համար):
Փաստաթղթում նշվում է, որ Տիմոշենկոյի մոտ նկատվող ախտանիշերն արտահայտվում են սուր ցավերով, որոնք հնարավոր չէ հաղթահարել անգամ դեղամիջոցներով: Երկար ժամանակի ընթացքում ոչ բավարար բուժումը կարող է հիվանդությունը դարձնել խրոնիկական:










































