«Յուրմալայի դուման և «Նոր ալիք» մրցույթի կազմակերպիչները փառատոնն անցկացնելու պայմանագիր են կնքում: Այս մասին այսօր Ռիգայում հատուկ հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ժյուրիի համանախագահ Իգոր Կրուտոյը»,– գրում է Коммерсантъ-ը:
Հիշեցնենք, որ ավելի քիչ քան մեկ ամիս առաջ Կրուտոյը հայտարարել էր միանգամայն հակառակի մասին. «Մեր, որպես «Նոր ալիք» մրցույթի կազմակերպիչների, համագործակցությունը Յուրմալայի քաղաքային դումայի հետ հասել է կրիտիկական կետին: Ես ապագայում չեմ տեսնում «Նոր ալիքը» Յուրմալայում անցկացնելու հնարավորություն:
Իգոր Կրուտոյի խոսքերով՝ անցած ամսվա ընթացքում փառատոնի կազմակերպիչներն առաջարկություն էին ստացել մրցույթն անցկացնել Սան Ռեմոյում, Մոնտե Կարլոյում, Քիշինևում և այլ քաղաքներում: Սակայն հենց երեկ համաձայնություն էր ձեռք բերվել Յուրմալայի դումայի հետ՝ այս տարի փառատոնը Յուրմալայում անցկացնելու վերաբերյալ: Վաղն այն կստորագրվի:
Մրցույթի երկրորդ համանախագահ Ռայմոնդ Պաուլսն իր գոհունակությունն է հայտնել այն մասին, որ «Նոր ալիքը» ևս մեկ տարի մնում է Յուրմալայում:
«Անշուշտ, կան ստեղծագործական հարցեր։ Մենք հոգնել ենք, որ մրցույթներին անընդհատ տեսնում ենք միևնույն դեմքերը` թե՛ մեր, և թե՛ ժամանած կատարողների: Կենդանի երաժշտություն կուզենայի՝ կենդանի արտիստների, որպեսզի ժամանեին երիտասարդ արտիստները, բայց նրանք թանկ արժեն»,- իր դժգոհությունն է հայտնել մաեստրոն, նշելով, որ նման մակարդակի մրցույթներն ամբողջ աշխարհում այնքան էլ շատ չեն։











































