«Թալիբան» ահաբեկչական խմբավորման անդամները երեկ ամերիկացի զինվորի կողմից սպանված խաղաղ աֆղանների հարազատներին խոստացել են վրեժ լուծել ամերիկացիներից:
Մարտի 11-ին Քանդահար մարզում ԱՄՆ զինված ուժերի սերժանտը մտել էր խաղաղ աֆղաների տները և կրակ բացել նրանց վրա: Տարբեր տվյալներով՝ նրա գործողությունների հետևանքով զոհվել է 15-17 մարդ՝ հիմնականում կանայք և երեխաներ: Կրակ բացած զինծառայողը ձերբակալվել է:
Թալիբների «Ջիհադի ձայնը» կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է, որ «Աֆղանստանի իսլամական էմիրաթը, ցավակցություն հայտնելով այդ վայրենի գործողության զոհերին, երաշխավորում է նրանց հարազատներին, որ վրեժ կլուծի նվաճողներից և բարբարոս մարդասպաններից»:
Ավելի վաղ կատարվածի համար Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայից ներողություն էր խնդրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել մեղավորին: Կատարվածի համար ցավակցություն է հայտնել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը: Իր հերթին Աֆղանստանի նախագահը հայտարարել է, որ ամերիկացիների գործողությունները ներման ենթակա չեն:
BBC-ի թղթակիցը ենթադրում է, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչպես է լուրն արագորեն տարածվում երկրում և ինչպիսի արձագանք է ստանում, ամենայն հավանականությամբ, ամբողջ երկրում հակաամերիկյան խոշոր ցույցեր են սպասվում:











































