Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը մտադիր է այսօր այցելել Իրան: Այս մասին հայտնում է ԱՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Աբիևի իրանական այցի նպատակը երկու երկրների միջև ռազմական կապերի ամրագրումն ու ընդլայնումն է: Իրանում Աբիևը կհանդիպի Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդիի և այլ բարձրաստիճան զինվորականների հետ:
Այդ հանդիպումներում կողմերը կքննարկեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ նաև երկու երկրների միջև ռազմա-տեխնիկական համագործակցության հարցը: Բացի այդ, քննարկվելու են տարածաշրջանային ու միջազգային վերջին զարգացումները:
Նշվում է, որ Աբիևի իրանական այցը կայանում է Վահիդիի համապատասխան հրավերի հիման վրա:
Հիշեցնենք, որ Իրանում մեծ դժգոհություն էր առաջացրել այն, որ Ադրբեջանն ու Իսրայելը պայմանավորվել են Ադրբեջանի կողմից իսրայելական արտադրություն 1.6 միլիարդ դոլարի սպառազինություն (անօդաչու թռչող սարքեր և հակաօդային պաշտպանության համակարգեր) գնելու շուրջ:









































