Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն կարծում է, որ մոտ օրերս Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից բանաձև չի ստորագրվի Ռուսաստանի անհամաձայնության պատճառով:
«Ես չեմ կարծում, որ մենք կհասնենք այդ բանաձևին, որովհետև, ցավոք սրտի, մենք նախկինի պես բախվում ենք Ռուսաստանի անկոտրում դիրքորոշմանը: Ես հույս ունեի, բայց որևէ նշաններ չեմ տեսնում: Տեսնենք, թե ինչ կլինի վաղը՝ Նյու Յորքում»,- ասել է Ժյուպեն Europe-1 ռադիոկայանին:
Նա նշել է, որ Նյու Յորքում քվեարկվող բանաձևի նպատակն է Սիրիայում դադարեցնել բռնությունները և թույլ տալ հումանիտար օգնություն տրամադրել բնակչությանը:
«Մենք չենք կարող ընդունել, որպեսզի բանաձևում միևնույն մակարդակի վրա հայտնվեն իր քաղաքացիներին սպանող վարչակարգը և իրենց պաշտպանել փորձող ապստամբները»,- հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:
Փարիզը պնդում է, որ Սիրիայում անհրաժեշտ է ի կատար ածել Արաբական պետությունների լիգայի կողմից մշակված բանաձևը:










































