Իսրայելի կողմից Գազայի հատվածում ուրբաթ և շաբաթ օրերին իրականացված օդային գրոհների արդյունքում 10 պաղեստինցի է զոհվել։ Զոհերի մեծ մասը զինյալներ են։ Գրոհներն ընդդեմ պաղեստինցիների սկսվել էին վերջիններիս կողմից հարավային Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակումից հետո։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»–ը։
Պաղեստինցիների զինյալ «Ժողովրդական դիմադրության կոմիտեն» հայտարարել է, թե իսրայելյան օդային գրոհների արդյունքում սպանվել են նաև իրենց առաջնորդ Զոհեիր Ալ-Քաիսին և նրա զինակիցներից մեկը։ Իսրայելի զինված ուժերը տեղեկացնում են, որ նշված երկու անձինք ծրագրել էին հարձակում Եգիպտոսում հրեական հաստատությունների դեմ։
«Համա» մահմեդական շարժումը, որը կառավարում է Գազայի գոտին, վերջին ժամանակներս գաղտնի զինադադար է հաստատել Իսրայելի հետ, սակայն պաղեստինյան զինյալ այլ խմբավորումներ, ինչպես օրինակ «Ժողովրդական դիմադրության կոմիտեն», պարբերաբար իրականացնում են հրթիռային ու ականանետային հարձակումներ սահմանի երկայնքով, ինչն էլ դառնում է հակառակ կողմից օդային հարձակումների պատճառ։
«Ժողովրդական դիմադրության կոմիտեն» հայտարարել է, որ կլուծի իր առաջնորդի մահվան վրեժը։










































