Ըստ փոխպատվաստման ոլորտի առաջատար մասնագետների՝ հիվանդները մի օր սեփական բջիջներից կարող են նոր օրգաններ առաջացնել, որոնք կփոխարինեն իրենց իսկ թույլ օրգաններին: Այս մասին հաղորդում է Daily mail-ը:
Այս հայտնագործությունը կարող է լուծել Բրիտանիայում դոնորների պակասի խնդիրը, որը գնալով ավելի է սրվում: Ամենաքիչը տարեկան 1000 բրիտանացի է մահանում՝ սպասելով սրտի, երիկամների կամ լյարդի փոխպատվաստման, ոմանք էլ ստիպված են մեծ գումարներ վճարել սև շուկայում վաճառվող օրգանների համար:
Պրոֆեսոր Պաուլո Մաչիարինին, ով առաջինն է իրականացրել հիվանդի սեփական բջիջներից առաջացած օրգանի փոխպատվաստումը, ասել է, որ գիտնականները հիմա արդեն «վերածնող» բժշկության ուսումնասիրության վերջին փուլում են և շուտով ի վիճակի կլինեն ավելի շատ հիվանդություններ բուժել:
Ըստ նոր մեթոդի՝ հիվանդի սեփական բջիջները պետք է տեղադրվեն հատուկ միջավայրում: Այս միջոցով մարդկային դոնորների կարիք չի զգացվի, և եթե օրգանի հետ խնդիրներ չառաջանան, մարդիկ ստիպված չեն լինի ամբողջ կյանքում դեղահաբեր ընդունել:
Պրոֆեսոր Մաչիարինին ասել է. «Նման փորձարկումներ արդեն մի քանի անգամ հաջողությամբ իրականացվել են մի շարք բարդ հյուսվածքների դեպքում»: Ըստ նրա՝ պետք է ընտրել այնպիսի հիվանդների, որոնք ունեն հասարակական աջակցություն և պատրաստ են հաղթահարել լրատվամիջոցների հետաքրքրությունը:










































