Ճառեր գրողներն ու այդ ճառերը կատարողները հսկա անջրպետ ունեն իրար մեջ: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը` անդրադառնալով ՀՀԿ 13-րդ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթին:
Ըստ նրա` հռչակագրային բնույթ կրող հայտարարություններով չէ պայծառ ապագան մոտենում, դա հստակ է: Նա ցավով նշեց, որ այդ ճառերը գրողները և այդ ճառերը կատարողները մեծ անջրպետ ունեն իրար մեջ: «Եթե խոսքը գնում է շարունակել աշխատել որդեգրված մեթոդներով և այն թիմով, որը որ մեզ տարել է այսքան տարիներ անհասկանալի ուղղությամբ, պետք է ասեմ, որ հասարակությունը պետք է սթափ լինի և շարունակի ի հեճուկս»,- մեկնաբանեց պատգամավորը`հավելելով, որ այդպես հասարակությունը կկարողանա իրավական պետություն կայացնել:
Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցավ ՀՀԿ 13-րդ համագումարը: Համագումարին ելույթ ունեցավ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ Հայաստանն այն երկիրն է, որն ունի հզոր ժառանգություն և ունի պայծառ հայացք`ուղղված ապագային: Նա հավելել էր, որ ՀՀԿ-ից պահանջվում է որդեգրված ճանապարհով գնալ:










































