Սիրիայի ընդդիմության առաջնորդների մի մասը դեմ է հանդես եկել երկրում դրության խաղաղ կարգավորմանը և կարծում է, որ հաջողության հասնելու միակ տարբերակը ռազմական գործողությունները շարունակելն է:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, երեկ ընդդիմության ներկայացուցիչները անիմաստ և անտեղի են համարել ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի առաքելությունը: Մասնավորապես, գործակալությունը նշում է, որ ընդդիմության առաջնորդների միջև պառակտում է տեղի ունեցել. նրանց մի մասը ցանկանում է դրսից ռազմական օգնություն ստանալ: «Ես մտավախություն ունեմ, որ ինչպես և մյուս միջազգային բանագնացները, նրա նպատակը անիմաստ միջնորդական ջանքերի վրա մեկ կամ երկու ամիս ծախսելն է»,- ասել է Ազգային խորհրդի ղեկավար Բուրհան Ղալիունը:
Ընդդիմության շարքային անդամներն ավելի կտրուկ են արտահայտվել. «Անհնար է բանակցություն վարել մեկի հետ, ով ատրճանակը պահում է գլխիդ, չի կարելի երկխոսել մեկի հետ, ով գրոհում է մեզ վրա տանկերով և հրթիռներով»,- գործակալության փոխանցմամբ ասել են ընդդիմադիրները:
Ի հերթին Քոֆի Անանը կարծում է, որ ռազմական գործողությունների շարունակումը միայն կսրի լարվածությունը երկրում: Հիշեցնենք, որ այսօր Անանը Դամասկոսում հանդիպելու է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին:









































