Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմական արդյունաբերության կոմիտեն որոշում է ընդունել սեփական արտադրության մարտական կործանիչների ծրագրի զարգացման մասին: Նախատեսված է այս հավակնոտ ծրագիրը կյանքի կոչել մինչև 2020 թվականը: Նախագիծը գնահատվում է 20 միլիարդ դոլար:
Նշվում է, որ այս հարցում Թուրքիային պետք է աջակցի շվեդական SAAB կոնցեռնը, որի արտադրած JAS-39 կործանիչները լավ հեղինակություն են վայելում սպառազինության համաշխարհային շուկայում:
Հիշեցնենք, որ ներկայումս թուրքական կողմը հայտարարել է 16 միլիարդ դոլարով վերջին սերնդի ամերիկյան F-35 տիպի 100 կործանիչների գնման մտադրության մասին: Սակայն գործարքը դեռ չի հաստատվել, քանի որ ամերիկյան կողմը հրաժարվում է Անկարային հանձնել այդ կործանիչների ծրագրային ապահովման ծածկագրերը:
Խոսքը F-35-ի թռիչքային համակարգն ու սպառազինությունն ամբողջովին վերահսկող համակարգչային ծրագրի մասին է, ինչի շնորհիվ թուրքական կողմը հնարավորություն է ստանում այդ ինքնաթիռների վրա տեղակայել հավելյալ սարքավորում և սեփական արտադրության սպառազինություն։








































