Տարածաշրջանային բազմաբնույթ ծրագրերի մեջ Հայաստանի պասիվ ներգրավածությունը պայմանավորված է նրա ներքին և արտաքին քաղաքականության մակարդակով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը:
«Հայաստանն իր ներքին և արտաքին քաղաքականությունը վարում է ավտորիտար և կախյալ պետություններին բնորոշ ոճով: Արտաքին քաղաքականության հետ կապված բոլոր որոշումները ակնհայտ է, որ կայացվում են Ռուսաստանի հետ առնվազն խորհրդակցելուց, որոշակի համաձայնություն ձեռք բերելուց հետո: Հայաստանն իր և իր իշխանությունների կամքով դարձել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության կցորդն ու շարունակողը:
Դա է պատճառը, որ նա տարածաշրջանային շատ քիչ ծրագրերում է ներգրավված: Ըստ էության՝ ստացվում է, որ Ռուսաստանն է որոշում՝ ինչ դեր պետք է ունենա տարածաշրջանում Հայաստանը:
Հարավային Կովկասում որոշակի շահերն ունեցող Արևմուտքն, իր հերթին, չի կարող ձեռքերը ծալած սպասել և համակերպվել այն մտքի հետ, որ սա Ռուսաստանի տարածքն է»,- ասաց քաղաքագետը:










































