Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը «Առաջին լրատվական»-ին նախօրեին տված հարցազրույցում, մեր հարցին՝ «ԱՄՆ-ը մշտապես ըմբռնումով է մոտեցել Հայաստանի և Իրանի, Հայաստանի և Սիրիայի միջև հարաբերություններին, հաշվի առնելով այսօրվա միջազգային հանրության սուր վերաբերմունքը Իրանի և Սիրիայի նկատմամբ, հնարավո՞ր եք համարում մի այնպիսի իրավիճակ, երբ ԱՄՆ-ի ըմբռնման լիմիտը սպառվի», ուշագրավ պատասխան էր տվել:
ԱՄՆ դեսպանը նախ նշել էր, թե իրենք ՀՀ ԱԳ նախարարի, երկրի նախագահի հետ խոսում են Իրանի մասին, բացատրում են, թե ինչու է ԱՄՆ-ը և աշխարհի մեծ մասը կարծում, որ Իրանը պետք է կատարի միջազգային հանրության առջև ստանձնած պարտավորությունները՝ կապված իր միջուկային ծրագրի հետ: «Եվ երբ մենք խոսում ենք ԱԳ նախարարի, նախագահի հետ` նրանք վերահաստատում են, որ ՀՀ-ն հարգում է պատժամիջոցները և հանձնառությունները՝ Իրանին մղելու դեպի իր միջազգային պարտավորությունների կատարումը: ՄԱԿ-ի ԳԱ-ում Հայաստանը որոշ քաղաքական հարցերի վերաբերյալ քվեարկություններում չի քվեարկել այնպես, ինչպես մենք կցանկանայինք, և մենք դրա մասին նույնպես խոսում ենք ՀՀ իշխանությունների հետ: Մենք հուսով ենք, որ ՀՀ-ն կօժանդակի նաև Իրանի քաղաքական մեկուսացման հարցում: Բայց մենք ողջունում ենք ՀՀ ստանձնած պարտավորությունները իրականացնելու միջազգայնորեն սահմանված` Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները: Դա է ՀՀ հիմնական անելիքը, և կառավարությունը հավաստիացնում է մեզ, որ դա արվում է, և մենք հավատում ենք դրան»:
Ամերիկացի դիվանագետի արտահայտած միտքը, թե հույս ունեն, որ Հայաստանը կօժանդակի նաև Իրանի քաղաքական մեկուսացման հարցում, ուշադրության արժանի էր, քանի որ մինչև այժմ կարծես նման բաց հայտարարություններ չէին հնչել օտարերկրյա դիվանագետի կողմից, ավելին` մշտապես հայ-իրանական հարաբերությունների մակարդակը ընդունվել և դիտարկվել է որպես միանգամայն ընկալելի:
Վաշինգտոնաբնակ միջազգայնագետ Արմեն Խարազյանին խնդրեցինք պարզաբանել, թե արդյոք նոր շեշտադրումներ կա՞ն Իրանի հարցում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարության մեջ, արդյոք Հայաստանի իշխանություններից Իրանի հարցում ավելի՞ն է ակնկալում Վաշինգտոնը: Մեր զրուցակիցը նախ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Իրանի քաղաքական մեկուսացումը ամերիկյան արտաքին քաղաքականության խնդիրն է: Նա հավելեց, որ գոյություն ունի ամերիկյան քաղաքականության երկու շերտ: «Առաջինը Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական խնդիրներն են Իրանի հետ, իրենց երկրի քաղաքական շահերն են Իրանի հետ, իսկ երկրորդը` Իրանի հետ այլ երկրների հարաբերությունները և ԱՄՆ ձգտումը՝ ազդել այդ հարաբերությունների վրա` իր շահերին առավել բարենպաստ կերպով: Հայ-իրանական հարաբերությունները պետք է տեսնել երկրորդ խմբի մեջ:
Հայաստան-Իրան հարաբերությունների ծավալը, որակը և բնույթը այնքան չեն, որ կարողանան կենսական ազդեցություն ունենալ Իրանի նկատմամբ ամերիկյան քաղաքականության վրա: Միացյալ Նահանգները գիտակցում է Հայաստան-Իրան հարաբերությունների բնույթը, էությունը և որակը, և այն, որ դրանք բխում են տարածաշրջանի տնտեսական, քաղաքական և պատմական մի շարք առանձնահատկություններից: Հայ-իրանական հարաբերությունները աղերսներ չունեն այն խնդիրների հետ, որոնց պատճառով Միացյալ Նահանգներ-Իրան հարաբերությունները բարդացել են: Այս առումով` հայ-ամերիկյան հարաբերությունների մեջ գոյություն ունեցող վստահության մթնոլորտը կրիտիկական ազդեցություն ունի Իրանի հարցում հայ-ամերիկյան փոխըմբռնման վրա»:
Արմեն Խարազյանը նկատեց նաև, որ Հայաստանը որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ` Իրանի դեմ պատժամիջոցների կոնտեքստում բավական պարտաճանաչորեն կատարում է իր պարտավորությունները: «Դեսպանի հարցազրույցից չի կարելի եզրակացնել, թե Իրանի քաղաքական մեկուսացումը Միացյալ Նահանգները տեսնում է իբրև Հայաստանի խնդիր: Ավել ճիշտ մեկնաբանությունն այն է, որ Միացյալ Նահանգները կցանկանար, որ Հայաստանն աջակցեր ամերիկյան արտաքին քաղաքական այս կարևոր հարցում, բայց միաժամանակ Միացյալ Նահանգների համար Հայաստանի խնդիրն այս պարագայում ավելի շատ վերաբերում է Հայաստանի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների պարտաճանաչ կիրառմանը»:
Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ` այո՛, Հայաստանը միշտ չէ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկելիս իր մոտեցումները նույնականացրել է Միացյալ Նահանգների մոտեցումների հետ, սակայն Իրանի խնդիրներում Հայաստանի և ԱՄՆ-ի փոխըմբռնումը դրանից չի տուժել, այլ ընդհակառակը` երկու երկրներն էլ ձգտել են իրենց մոտեցումներում ելնել տարածաշրջանային կայունության և անվտանգության սեփական շահերից:








































