Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Էլման Աբդուլաևը մեկնաբանել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի արած այն հայտարարությունը, թե Ադրբեջանը թիվ մեկ թշնամի է համարում համայն աշխարհի հայությանը.
«Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը բազմազգ երկիր է: Այստեղ բնակվում են բավական շատ հայեր: Ադրբեջանում հայերի բնակության համար ստեղծված են բոլոր պայմանները՝ ընդհուպ վերջերս Բաքվի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցու վերականգնումը: Մենք հայերին վերաբերվում ենք բավական նորմալ և որևէ թշնամական վերաբերմունք չենք տածում նրանց նկատմամբ, ինչպես որ ասում է Սարգսյանը»:
Հիշեցնենք, որ մարտի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տնտեսական թեմաներին նվիրված կոնֆերանսի ժամանակ Ադրբեջանի թիվ մեկ թշնամի էր որակել համայն աշխարհի հայությանը՝ Ադրբեջանի «բարին չցանկացողներին» դասակարգելով երեք խմբի:











































