Սոցիալական ծանր պայմանների պատճառով տղամարդիկ հաճախ թողնում են իրենց հայրենիքը և հաստատվում արտերկրում։ Ըստ հոգեբան Կարինե Նալչաջյանի՝ դա շատ լուրջ հոգեբանական խնդիր է, քանի որ ստեղծվում է մի իրավիճակ, երբ տուժում է և´ ամուսինը, և´ կինը, և´ երեխան. «Նման իրավիճակը մեծ հարված է կնոջը։ Ամբողջ ընտանիքի հոգսը միայնակ տանելը շատ դժվար է։ Այս ամենին գումարվում է նաև անհանգստությունը ամուսնու համար»։
Մասնագետի խոսքերով՝ նման իրավիճակը հաճախ հանգեցնում է ամուսնալուծության. «Կան ընտանիքներ, երբ ամուսինը գնում է, և որոշ ժամանակ անց ունենում է արտաամուսնական կապեր, որոնք հաճախ ավերիչ բնույթ են ստանում»։ Սակայն ամուսնալուծության համար դավաճանությունը պարտադիր չէ, քանի որ դիստանցիոն ընտանիքներն իրենց գործառույթները չեն կարողանում լիարժեք կատարել։
Հոգեբանի համոզմամբ՝ նման իրավիճակներում բացի վատից՝ լավ բան դժվար է գտնել, թերևս միակ դրական կողմը կարող ենք համարել ֆինանսական գոյության ապահովումը. «Ընտանիքը ունի հոգեբանական ֆունկցիաներ, եթե դրանցից որևէ մեկը չի կատարվում, այն դառնում է դիսֆունկցիոնալ և կանգնում է կործանման առջև։ Նման պարագաներում կանայք հաճախ են դիմում հոգեբանի»։
Կարինե Նալչաջյանը նշեց, որ երբեմն կինը և ամուսինը միասին են գալիս հոգեբանի մոտ, երբեմն՝ նաև երեխայի հետ. «Շատ դեպքերում փորձում են իրենց խնդիրները երեխայի թիկունքում լուծել։ Հոգեբանը կարող է որոշ հարցերում օգնել ընտանիքին, բայց բուն պատճառը՝ սոցիալականը, վերացնել չի կարող։ Երկրորդ անգամ ընտանիքը լքած տղամարդիկ այն վերջնականապես կորցնելու մեծ վտանգի առջև են կանգնում»։










































