Հայ Առաքելական եկեղեցին տարբեր ժամանակաշրջաններում իրենց առաքինի վարքի համար սրբացրել է շատ հայ կույսերի: Սանատրուկ թագավորի դուստրը՝ Սանդուխտը (1-ին դար), ով Թադեոս առաքյալի քարոզչության արդյունքում դարձավ քրիստոնյա և հենց իր հոր կամքով էլ նահատակվեց, համարվում է առաջին նահատակված սուրբ կույսը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Տեր Մկրտիչ քահանա Երանյանը:
«Մեր եկեղեցին իրենց անձնազոհ և քրիստոնյային վայել բարքի համար շատ կույսերի է սրբացրել: Այդպիսիներից է Վարդան Մամիկոնյանի դուստրը՝ Շուշանիկը, ով վրաց Վազգեն բդեշխի կինն էր: Վարդանանց պատերազմից հետո բդեշխը գնում է Պարսկաստան և ընդունում պարսիկների կրոնը: Նա վերադառնում է Հայաստան և Շուշանիկին ստիպում ընդունել մահմեդականություն: Նա իր կնոջը 7 տարի տանջում է, տարիներով նրա պարանոցը երկաթե օղակի մեջ է պահում»,- ասաց Տեր Մկրտիչը:
Շուշանիկին եկեղեցին սրբացրեց 1070-ական թվականներին:
Քահանան նաև ասաց, որ սրբերի շարքում են Տրդատ Մեծի կինը՝ Աշխենը, և քույրը՝ Խոսրովդուխտը: Նրանք նահատակներ չեն, սակայն ողջ կյանքում ապրել են առաքինի քրիստոնյայի վարքով: Հռիփսիմյան և Գայանյան 36 կույսերը, որոնք ծագումով հռոմեացի են, ևս սրբացվել են մեր եկեղեցու կողմից:










































