France-Presse գործակալությունը, վկայակոչելով իսրայելական Maariv թերթը, հայտնում է, որ Վաշինգտոնում տեղի ունեցած Օբամա-Նեթանյահու հանդիպման ժամանակ ամերիկյան կողմն առաջարկել է իսրայելական բանակին ռազմական տեխնիկայի նորագույն տեսակներ՝ Իրանին հարված հասցնելը հետաձգելու դիմաց: Այս մասին հայտնում են անանուն աղբյուրները:
Վերջիններս ընդգծում են, որ Օբաման Նեթանյահուին առաջարկել է իսրայելական բանակին մատակարարել հակաբունկերային ռումբեր և հեռահար գործողությամբ լիցքավորող ինքնաթիռներ: Այդ ամենի դիմաց Իսրայելը պետք է Իրանին ենթադրյալ հարվածը հետաձգի մինչև 2013 թվականը:
Ամերիկյան իշխանությունների կարծիքով՝ այդ սպառազինությունն իսրայելցիներին հնարավորություն կտա մարտավարական գերազանցության հասնել Իրանի նկատմամբ և կվերացնի Իրանի դեմ շուտափույթ գործողություններ սկսելու անհրաժեշտությունը, որոնց շուրջ պնդում էր Իսրայելը:
Միևնույն ժամանակ աղբյուրները ոչինչ չեն հաղորդում Նեթանյահուի տված պատասխանի մասին:









































