Reuters գործակալության փոխանցմամբ` Սիրիայի նավթարդյունաբերության նախարարի տեղակալ Աբդո Հուսամ Ալ-Դինը երեկ հայտարարել է, որ հրաժարական է տալիս և անցնում ընդդիմության կողմը: Սա առաջին դեպքն է, երբ քաղաքացիական բարձրաստիճան պաշտոնյան նման քայլ է կատարում:
Փոխնախարարն իր հայտարարությունը տարածել է Youtube-ում` տեղադրելով համապատասխան տեսանյութ:
«Ես հրաժարվում եմ ռեժիմի գաղափարներից, թողնում եմ իմ զբաղեցրած պաշտոնը և լքում եմ ԲԱԱՍ կուսակցությունը, որպեսզի միանամ արժանի մարդկանց հեղափոխությանը»,- ասել է Աբդոն տեսանյութում:
Նա քննադատել է Ռուսաստանին և Չինաստանին Բաշար Ալ-Ասադի ռեժիմին աջակցություն ցուցաբերելու համար` անվանելով նրանց Սիրիայում կատարվող սպանությունների համահեղինակ:
Հուսամ Ալ-Դինը նաև դիմել է իր գործընկերներին` կոչ անելով հետևել իր օրինակին և լքել «խորտակվող նավը»:
Reuters գործակալությունում, այդուհանդերձ, նշում են, որ չի հաջողվել պարզել տեսանյութի իսկությունը:










































