ԿԸՀ-ի՝ լրագրողների հավատարմագրման կարգի մասին որոշման նախապայմանները ժամանակի ընթացքում կավելանան: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչ Սուրեն Աբրահամյանը`անդրադառնալով ԿԸՀ՝ լրագրողների հավատարմագրման մասին կարգի որոշմանը:
Նա նշեց, որ որոշակի պայմաններ հնարավոր է լինեն, բայց ոչ նման խուճուճ և անհասկանալի, պայմաններն ավելի շատ են, քան դրա անհրաժեշտությունը կա:
«Սա վտանգավոր է նրանով, որ հենց որոշակի պայմաններ դրվեցին, դրան հաջորդելու է երկրորդը, երրորդը, չորրորդը: Միշտ ասում են բացառության կարգով, բայց այդ բացառությունը իրավաբանության մեջ այն սողանցքն է, որը կարող է ընդլայնվել»,- նշեց Ս. Աբրահամյանը` հավելելով, որ սա ուղղված է հանգիստ կյանք ապահովելուն:
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ի՝ լրագրողների հավատարմագրման կարգի մասին որոշման համաձայն՝ կհավատարմագրվեն այն լրագրողները, որոնք դատական կարգով անգործունակ չեն ճանաչվել, դիտավորյալ հանցագործության համար չեն դատապարտվել և ընտրական հանձնաժողովների, պաշտոնատար անձանց գործունեության մասին չեն տարածել այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը:









































