«Anonymous ցանցահենային խմբավորման իտալական ստորաբաժանումը հարձակվել է Վատիկանի կայքի վրա»,– հաղորդում է Reuters-ը:
www.vatican.va կայքի վրա հարձակում գործելու պատճառը ցանցահենների հակակղերական տրամադրություններն են:
«Մենք որոշել ենք արգելափակել ձեր կայքը (հռոմեա-կաթոլիկական եկեղեցու)` ի պատասխան ձեր ուսմունքի և հնացած անհեթեթ գաղափարների, որոնք դուք տարածում եք աշխարհով մեկ»,- իրենց պաշտոնական կայքում գրել են ցանցահենները:
Նրանք կաթոլիկ եկեղեցուն մեղադրել են բազմաթիվ չարագործությունների մեջ` սկսած միջնադարյան դարաշրջանից` ներառյալ ինդուլգենցիայի (Հռոմի պապի կողմից տրվող թողության գիր) վաճառքից և հերետիկոսներին այրելուց, որոնք կատարվել են պատմության ողջ ընթացքում:
Anonymous-ն աշխարհում ամենահայտնի ցանցահենային խմբավորումն է, որը հայտնի է դարձել կառավարական կազմակերպությունների, միջազգային բանկերի և խոշորագույն բիզնես-ընկերությունների կայքերի վրա հարձակում գործելով:








































